«» Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է․«Ամերիկայի նպատակը մեկն է՝ կլանել Իրանը։ Այսինքն՝ կրկին Իրանը դնել իրենց ռազմական, քաղաքական և տնտեսական վերահսկողության տակ։ Եվ սա կապված չէ միայն ԱՄՆ-ի ներկայիս նախագահի հետ, և կապված չէ հենց այն անձի հետ, ով այսօր նախագահ է։ Սա Ամերիկայի քաղաքականությունն է»։               
 

Ցասման որդիները

Ցասման որդիները
10.12.2025 | 11:48

Նրանց ոտքի տակ հողը դոնդող է՝

լավայի նման ու հալ երկաթի,

երկինքն անգույն է, արևը՝ մոխրոտ,

հրե խոսքեր են գալարվում նրանց

այրվող լեզվի տակ - անծպտուն, տենդոտ,-

մտքում նզովքի ձիգ շարաններ կան

և ազնվաջիղ վճիռներ ու կամք,՝

որ ցնցելու են ոսոխին, նաև

վերնահարկերն ու ամբոխներին խև:-

Ցասման որդիներ - հողոտ ու աստղոտ,

մի քիչ՝ դիցական, առավել՝ անշուք,

իսկ վավերական անգիր մի թղթով -

նրանք ծագում են երկրի կարոտից,

երազից նախնյաց ու Աստծո սիրուց,-

ու չի գրգռում ցասումը նրանց

այնպես - աշխարհի հեգնանքը ինչպես,-

շոյվում են, սակայն, և մանկան նման

ամեն շրշյունից հուշի ու ծաղկի,

որ զարդարում են հայրորեն տևող

լսողությունն անխախտ-ցեղային:-

Ցասումը նրանց - ո՜ւժ է արարիչ

և ոչ ավերի զարկ ու պայթուցիկ,-

խորհում են ուստի խոր ու նախաբան՝

մինչ իրենց գտնեն վեհության լանջին,

ու երբ կհասնի պահը սլացիկ,

կարշավեն նրանք ոգու լեռներով…

05.11.2025

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2380

Մեկնաբանություններ